Երազ մատենաշարի մասին
Newmag հրատարակչությունը և «Սոմնիում» ընկերությունների խմբի «Երազ Փրոջեքթսը» համատեղ նախաձեռնել են «Երազ» մատենաշարը։ Գործակցության շնորհիվ «Երազը» կներկայացնի հայ և արտասահմանյան մանկագիրների գրքերը, և երեխաներին կհասնեն ավելի էժան գնով։ Մատենաշարը նոր մշակույթ կբերի մանկական գրականություն։ Յուրաքանչյուր տարիքային խմբի գիրք կունենա համապատասխան տառատեսակ, տառաչափ, դասակարգում, պատկերազարդում. սա նոր մշակույթ է Հայաստանի մանկական գրահրատարակչական ոլորտում։
«Երազ» մատենաշարն ունի իր խորհրդանիշը՝ « Թռչող միաեղջյուրը», որը երեխաներին հայտնի է ճակատի հատվածում մեկ եղջյուր ունեցող ձի։ Առասպելական այդ կենդանին խորհրդանշում է ողջախոհություն, հոգեկան մաքրություն։
«Երազ» մատենաշարի գրքերը կունենան չորս դասակարգում՝ ԱՅԲ, ԲԵՆ, ԳԻՄ, ԴԱ՝ համապատասխանաբար նախատեսված 0-ից 6, 6-ից 9, 10-ից 12, 12 և բարձր տարիքային խմբերի համար։ Դասակարգումները տեղ կգտնեն գրքերի վրա և թույլ կտան ծնողներին ու երեխաներին հեշտությամբ ընտրել գրքերը՝ ըստ տարիքի։
Հենց երեխաների գրքերի համար մշակվել է «Հեքիաթ» կոչվող հեղինակային տառատեսակը, որը հեշտ ընթեռնելի է։
Գրքերից բացի մատենաշարը կներկայացնի նաև «Երազի» գրքերի հերոսներով գրենական պիտույքներ: